en hy

Թումո լաբորատորիաներ

Թումո լաբորատորիաների մասին

Թումո լաբորատորիաները տեխնոլոգիաների և ինժեներության անվճար կրթական հանգույց է, որը կապում է բարձրագույն կրթությունն արդյունաբերության հետ: 18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել նախագծին և սովորել հատուկ Լաբերի համար մշակված` եզակի մեթոդաբանությամբ ծրագրով:

Թումո լաբերն իրականացնում է տեխնիկական նախագծեր հետևյալ ոլորտներում և թեմաներով`

Ոլորտներ

icons-20
Մեքենայական ուսուցում

icons-15
Ռոբոտիքս

icons-16
Բլոքչեյն

icons-17
Տվյալագիտություն

icons-18
Կիբեր անվտանգություն

icons-10
Ավտոմատացում

icons-11
AR և VR

icons-12
3D տպագրություն

icons-13
Մոդելավորում

icons-19
Բանացանց (IoT)

Թեմաներ

icons-03
Թվային առողջապահություն

icons-02
Կայունության ապահովում

icons-01
Սմարթ քաղաքներ

icons-09
Մոբիլություն

icons-14
Ֆինանսներ

icons-04
էթիկա և գաղտնիություն

icons-05
Խաղերի ստեղծում

icons-06
Արդյունավետություն

icons-07
Կրթություն

icons-08
Մշակույթ և զբոսաշրջություն

Դարձիր ուսանող

Թումո լաբորատորիաները անվճար կրթական ծրագիր է, որին կարող են մասնակցել 18 տարին լրացած երիտասարդ մասնագետներ և ուսանողներ: Լաբերի նախագծերը կամուրջ են ստեղծում ակադեմիական և արդյունաբերական ոլորտների միջև՝ թույլ տալով ուսումնասիրել տեխնոլոգիաները և ձևավորել նոր թվային դարաշրջանը: Այստեղ պարտադիր չէ ունենալ համալսարանական կրթություն կամ փորձ, եթե տվյալ նախագիծը որևէ ոլորտից բազային գիտելիքներ կամ հմտություններ չի պահանջում։

Նախագծերի շրջանակներում լաբերի գործընկեր կազմակերպությունների մասնագետները ուսանողների համար անցկացնում են 3-6 ամիս տևողությամբ գործնական դասընթացներ, որոնք պահանջում են շաբաթական 7-10 ժամ զբաղվածություն: Դրանց ընթացքում ուսանողները ստանում են արդիական և կիրառական հմտություններ նորարարական ոլորտներում, և միաժամանակ իրականացնում ավարտուն նախագծեր, որոնք ապագայում օգտագործվում են իրական կյանքում:

Ծրագիրը տրամադրում է կրթություն տեխնոլոգիաների, կիրառական գիտության և ինժեներության ոլորտներում` լրացնելու ուսանողների տեսական գիտելիքները գործնական հմտություններով, ինչը հնարավորություն է տալիս նրանց լինել մրցակցային ժամանակակից աշխատաշուկայի պայմաններում:

Ծանոթացի՛ր և դիմի՛ր Թումո լաբորատորիաների և Garoon Tech-ի նախագծին։

Դարձիր գործընկեր

Թումո լաբորատորիաները հիանալի հնարավորություն կարող է ընձեռել այն կազմակերպություններին կամ հետազոտական կենտրոններին, որոնք փնտրում են տաղանդներ և ցանկանում են ճանապարհ հարթել երիտասարդների համար, կապ հաստատել տեղացի և միջազգային մասնագետների հետ։

Թումո լաբորատորիաները ընկերություններին և հետազոտական կենտրոններին առաջարկում է համագործակցության 3 ուղղություն․

1) Կորպորատիվ նախագիծ
Նախագծի բնույթը բխում է գործընկեր կազմակերպության պահանջներից և կարիքներից։ Սակայն թեմայի ընտրությունը և իրականացման նպատակները պետք է լինեն այնպիսին, որ նախագծի ավարտից հետո հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ։ Բացի այդ նախագիծը պետք է նպաստի հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

2) Համաֆինանսավորվող նախագիծ
Այն գործընկերներին հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ցանց և տեղեկատվության փոխանակման տարբեր հարթակներ։ Այս դեպքում պարտադիր է, որ նախագծի ավարտին ուսանողները գրեն գիտական աշխատանքներ՝ հրատարակություններ կամ թեզեր։ Համաֆինանսավորվող նախագծերի շրջանակում կարող են ներգրավվել տարբեր կազմակերպություններ՝ համալսարաններ, վերլուծական֊հետազոտական կենտրոններ, մասնավոր ընկերություններ, որոնք ամբողջությամբ կամ մասնակի կֆինանսավորվեն Թումո լաբորատորիաների,  ընկերությունների, ՀԿ֊ների կամ պետական կառույցների կողմից, ինչպիսին է օրինակ՝ Եվրոպական միությունը։

3) Հետազոտական և ուսուցանող թիմ
Անհատ մասնագետներ կամ ընկերություններ հնարավորություն ունեն կամավոր աշխատել նախագծի ղեկավարի հետ աշխատող թիմում՝ օգնելու առաջադրանքներ տալու կամ հետազոտություն անցկացնելու հարցում։ Թիմի անդամ կարող են դառնալ փորձառու մասնագետներ, ընկերությունների աշխատակիցներ, ինչպես նաև գիտական աշխատանք գրող ու արդեն գիտական աստիճան ունեցող երիտասարդ մասնագետներ։

Գործընկեր դառնալու համար կարող եք լրացնել այս համագործակցության ձևաթուղթը, իսկ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք գրել eutumocc@tumo.org էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Թումո լաբորատորիաների հետ համագործակցություն»։

Նախագծեր

TUMO Labs + Garoon Tech

Գյուղատնտեսական խորհրդատվության բջջային հավելված
Հուլիս 2020 – Նոյեմբեր 2020

Թումո լաբորատորիաների և Garoon Tech-ի համատեղ նախագծի ընթացքում ուսանողները ստեղծելու են տեսողական վերլուծության բջջային հավելված։ Այն հնարավորություն կտա բացահայտել բույսերի հիվանդությունները և անբավարարության ախտանիշները, բացի այդ այգեգործությամբ զբաղվողները կկարողանան մատչելի տարբերակով ստանալ փորձագիտական ​​խորհրդատվություն, իսկ գյուղատնտեսների համար կստեղծվի աշխատատեղ:

TUMO Labs + Viciniti

IoT ամպային անվտանգություն
Մայիս 2020 – Օգոստոս 2020

Թումո լաբորատորիաների և Viciniti֊ի համատեղ նախագծի ընթացքում մասնակիցները ստեղծելու են հավելված, որի նպատակն է հայտնաբերել IoT սարքերը ապահով կերպով ամպային ցանցերին միացնելու եղանակը։ Viciniti բրիտանա֊հայկական ընկերությունը մշակում է ենթակառուցվածքային ծրագրակազմ, որը օգնում է արդյունաբերական կազմակերպություններին գործարկել անվտանգ հավելվածներ։

TUMO Labs + TeamViewer Armenia

IoT սենսորային ինտեգրացիաներ
Ապրիլ 2020 – Հուլիս 2020

Թումո լաբորատորիաների և TeamViewer Armenia-ի համատեղ նախագծում ուսանողները ծանոթանալու են մի շարք սենսորների հետ և դրանք ինտեգրելու են հեռուստատեսային IoT պլատֆորմի վրա` օգտագործելով իրենց API-ները: Բացի այդ, ուսանողները ստեղծելու են ծրագիր, որը հնարավորություն կունենա վերցնել տվյալներ յուրաքանչյուր սենսորից և վիզուալացնել յուրաքանչյուր սենսորից ստացված տվյալները։

TUMO Labs + HIC

Թվային առողջապահություն
Փետրվար 2020 – Մայիս 2020

Թումո լաբորատորիաների և Healthcare Innovation Center-ի (HIC) համագործակցությամբ իրականացվող այս նախագիծը միավորում է առողջապահությունն ու թվային տեխնոլոգիաները: Ծրագրի մասնակիցները մասնագիտանում են առողջապահության թվային կառավարման մեջ` ծանոթանալով ոլորտի նորարարական մոտեցումներին և ուսումնասիրելով մարտահրավերներն ու հնարավորությունները: Ուսանողների ստեղծած հավելվածը հավաքագրում է տվյալներ Հայաստանի բժշկական հաստատություններից` ստեղծելով պացիենտների տվյալների բազա:

TUMO Labs + AOByte

Արհեստական բանականություն
Փետրվար 2020 – Ապրիլ 2020

Թումո լաբորատորիաների և AOByte-ի նախագծի շրջանակներում 10 ուսանող Հայաստանի տարբեր համալսարաններից միավորվել են` ստեղծելու մի համակարգ, որը արհեստական բանականության միջոցով նույնականացնում է մեքենաների համարանիշերը` ավտոմատացնելու համար արգելափակոցի աշխատանքը: Այս ամենն իրականացնելու համար ուսանողներն ուսումնասիրում են Computer vision և մեքենայական ուսուցում:

TUMO Labs + Osensus

3D ծրագրավորում
Փետրվար 2020 – Մայիս 2020

Թումո լաբորատորիաների և Osensus ընկերության նախագծի ընթացքում ուսանողները 3DFascination համակարգի միջոցով ստեղծում են ծրագիր, որը Python, Java, C# և C++ լեզուներից մեկով իրականացնում է 3D մոդելների ավտոմատացված rigging և անիմացիա: Osensus-ի 3DFascination եռաչափ սկանավորման սարքը, որով աշխատում են նախագծի մասնակիցները, իրականացնում է մարդու մարմնի ամբողջական սկանավորում պատկերի և pattern-ների ճանաչման հիմքով: Սարքը օբյեկտների 3D գունավոր և ճշգրիտ սկանավորման ավտոմատ կառավարման համակարգ է, որը կիրառվում է աշխարհի 20-ից ավելի երկրներում:

TUMO Labs + 10XEngineering

Գրաֆիկական ծրագրավորում
Նոյեմբեր 2019 – Դեկտեմբեր 2019

Թումո լաբորատորիաները համակարգչային սարքավորումներ արտադրող և ծրագրային ապահովիչներ մշակող 10XEngineering ընկերության հետ համատեղ իրականացրել են դասընթացներ` ՀՖՀՀ համակարգչային գիտությունների ուսանողների համար: 6 շաբաթվա ընթացքում ուսանողները սովորել են LabVIEW գրաֆիկական ծրագրավորման լեզուն, ձեռք բերել գիտելիքներ տվյալագիտության ոլորտում ու ծանոթացել ծրագրային ապահովիչների օգտագործման ձևին՝ կլիմայի կառավարման ավտոմատացված համակարգեր մշակելու համար:

Հաճախ տրվող հարցեր

Ո՞վ կարող է դիմել

18 տարեկանը լրացած յուրաքանչյուր ոք կարող է դիմել Թումո լաբերի նախագծերին մասնակցելու համար։ Պարտադիր չէ ունենալ համալսարանական կրթություն կամ փորձ, եթե տվյալ նախագիծը որևէ ոլորտից բազային գիտելիքներ ու հմտություններ չի պահանջում։

Ինչպե՞ս դիմել

Նախընտրելի նախագծում սեղմե՛ք Դիմել և կցե՛ք ձեր CV֊ն։

Ի՞նչ է հայտի գործընթացը:

Հայտի գործընթացն ամեն նախագի դեպքում կարող է տարբեր լինել, սակայն յուրաքանչյուր դիմում նվազագույնը պետք է անցնի CV-ի ընդունման և
հարցազրույցի փուլ։

Ի՞նչ անել, եթե չեմ անցել հաջորդ փուլ։

Եթե դիմել եք նախագծին և չեք ընդունվել, ապա կարող եք դիմել արդեն հայտեր ընդունող մյուս նախագծերին կամ սպասել հաջորդներին։ Ի դեպ, միաժամանակ կարող եք դիմել մեկից ավելի նախագծերի։

Կարո՞ղ եմ մասնակցել միաժամանակ մի քանի նախագծի։

Ցավոք, բայց ոչ։ Քանի որ հաճախ նախագծերը զուգահեռ են ընթանում և յուրաքանչյուրը պահանջում է շաբաթական 7-8 ժամ զբաղվածություն։

Ծրագրի ավարտին ստանալու՞ եմ վկայագիր:

Ոչ։ Թումո լաբերը լրացուցիչ կրթական ծրագիր է և ուսանողները չեն ստանում մասնակցության վկայագրեր։ Դուք կարող եք պահանջել տեղեկանք այն ընկերությունից, որի հետ աշխատում եք նախագծի շրջանակում։ Համալսարանի ուսանողները կարող են ինքնուրույն տեղեկացնել դասախոսներին նախագծին մասնակցելու մասին, որպեսզի ավարտին հաշվարկվեն իրենց կրեդիտները։