en hy

Համավարակի հակառակ կողմում` կրթություն Թումո լաբերում

Համավարակի օրերին բոլորը փորձում էին հարմարվել նոր աշխատասենյակից` տանից աշխատելուն և «նոր նորմալի» հետ հաշտ ապրելուն։ Նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերել ցանկացողներն էլ կարանտինի` այսպես ասած դրական հնարավորություններից էին օգտվում: Այսպես, ազատ ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ծրագրավորման ոլորտում առաջին քայլերն անող Հայկանուշ Կարապետյանը դիմեց Թումո լաբեր` մասնակցելու բրիտանա-հայկական Viciniti-ի IoT ամպային անվտանգություն նախագծին․ «Քանի որ հեռավար էի աշխատում ու բավականին ազատ ժամանակ ունեի որոշեցի դիմել Թումո լաբերի նախագծին` խորացնելու գիտելիքներս IoT համակարգերի վերաբերյալ ու սովորել GoLang ծրագրավորման լեզուն»,- նախագծին մասնակցելու իր պատճառների մասին պատմում է Հայկանուշը:

Նախագծի շրջանակում մասնակիցները ստեղծել են հավելված, որը վավերացնում, հաստատում և թույլատրում է IoT սարքերի անվտանգ ու ամբողջական մուտքը Amazon-ի սերվերներ` օգտագործելով MQTT protocol-ը։ Հայկանուշն այստեղ հիմնականում backend է արել, այսինքն` գրել է սարքն աշխատացնող կոդը:

Մեր առաջին հանդիպման ընթացքում, երբ Հայկանուշը խոսում էր իր երազանքների մասին, պարզեցինք, որ ցանկանում է աշխատել ամպային լուծումներ և պլատֆորմի վիրտուալացման ծրագրային ապահովում տրամադրող համաշխարհային առաջատար VMware ամերիկյան ընկերությունում։ Մի քանի ամիս անց, Հայկանուշի հետ զրուցում ենք արդեն VMware-ում աշխատանքի մասին․ «Աշխատանքի առաջարկը ստացա Linkedin-ով, շատ անսպասելի էր։ Մի քանի հարցազրույցներից հետո, հաջողեցի: Հիմա այստեղ կրտսեր ծրագրային ապահովման ինժեներ եմ։ Դեռ նորեկ եմ, շատ բան ունեմ սովորելու, բայց կարևորը վստահել ու հավատացել են ինձ»,- փայլը աչքերում Հայկանուշը պատմում է նոր աշխատանքի մասին։

Նոր աշխատանքը նրա համար մի նոր փորձություն է, քանի որ մինչև այս ներդրված համակարգերով է զբաղվել, իսկ այստեղ բոլորովին այլ ոլորտ է և այլ ծրագրավորման լեզուներ է օգտագործում` Python, Bash և Java script: Ինչպես ինքն է ասում,-«ուրիշ աշխարհ եմ եկել»:

Աշխատանքի ընդունվելուց հետո Հայկանուշն անգամ VMware-ում չի եղել` հեռավար են աշխատում: Հիմնական աշխատավայրն էլ այժմ Թումանյանի այգին է:

Related posts

Post a Comment

Your email address will not be published. Required fields are marked *