«Ինչպե՞ս բացել 42 յուրաքանչյուր քաղաքում». Սեբաստիան Բենուա
42 Երևանում մեկնարկել է այս տարվա 3-րդ ու վերջին Ավազանը, շուտով կմեկնարկի արդեն կրթական հիմնական ծրագիրը: Սեպտեմբերին, Ավազանի փուլի մեկնարկից անմիջապես առաջ խոսել էինք Դպրոց 42-ի ցանցի տեխնիկական գծով տնօրեն Սեբաստիան Բենուայի հետ: Սեբաստիանը Երևանում էր, ակտիվորեն ներգրավված էր նախապատրաստական աշխատանքների մեջ, իսկ 42-ցիներին ասելու շատ բան ուներ:

Դպրոց 42-ի ցանցի տեխնիկական գծով տնօրեն Սեբաստիան Բենուան ու իր 42-յան ճանապարհորդությունների քարտեզը
Նախ և առաջ, ի՞նչ եք անում այստեղ` Հայաստանում:
Թիմիս հետ եկել եմ գործի դնելու բոլոր անհրաժեշտ սարքավորումներն ու ծրագրերը, որոնցով աշխատելու են ուսանողները: 42-ի ամբողջ համակարգը պետք է շատ սահուն աշխատի` ապահովելու արդյունավետ ուսուցումն ու ուսանողների միջև համագործակցությունը:
Եթե չեմ սխալվում, դուք 42-ում եք հիմնադրումից ի վեր: Ի՞նչ նպատակներ էիք ձեր առաջ դրել այն ժամանակ ու ի՞նչ մարտահրավերներ ունեիք:
Սկզբնական օրերն իրոք մարտահրավերներով լի էին, քանի որ ամեն ինչ շատ արագ էր տեղի ունենում: Շենքի կառուցման ավարտից հետո ընդամենը 10 օրվա ընթացքում մենք պետք է 800 համակարգիչ միացնեինք ուսանողներին ընդունելու համար: Մենք երբեք նման ծրագրի չէինք հանդիպել ու այդքան նորությունից գլուխ հանելը բարդ էր:
Բայց ամեն ինչ շատ հարթ ընթացավ ու մինչև շունչ քաշեցինք, արդեն ամբողջ աշխարհից մեզ էին դիմում` իրենց մոտ 42-ներ բացելու խնդրանքով: Մինչև 2017-ը տարեկան 1 դպրոց էինք բացում: 2018-ից` տարեկան 3-4: Իսկ միայն այս երկու ամիսների ընթացքում, այն էլ համավարակի պայմաններում` կբացվի ևս 7 դպրոց աշխարհի տարբեր ծայրերում: Այսպես, մինչև 2025 թվականը մենք նախատեսում ենք ունենալ նվազագույնը 50 դպրոց ամբողջ աշխարհում:
Էլ որտե՞ղ եք եղել 42 բացելու համար, և որ համայնքներն են ձեր նախապատվության առաջնային ցանկում:
Սկզբում աշխատում էինք Փարիզին մոտ քաղաքներում ընդլայնման վրա` Լիոն, Բրյուսել և այլն: Հետո սկսեցի մեկնել արդեն Մարոկկո, Ամստերդամ, Ռուսաստան: Կարճ ժամանակ հետո արդեն «ստիպված» էի ճանապարհորդել Սան Պաուլոյից մինչև Սեուլ, իսկ այժմ էլ Երևան` 42 բացելու առաջադրանքով իմ 22-րդ քաղաքը: Հաջորդ շաբաթներին կլինեմ արդեն Հռոմում, Աբու Դաբիում, Քվեբեկում և Վոլֆսբուրգում:
Ինձ համար 42-ի առաքելությունը աշխարհում սոցիալական վերելակ հանդիսանալն է: Օրինակ` Մարոկկոյում բակալավրից հետո ուսումդ շարունակելու համար պետք է ֆրանսերեն գրել ու կարդալ իմանաս ու շատ փող ունենաս: Իսկ 42-ում կրթության լեզուն կոդն է, վճարներ էլ չկան, այնպես որ մարոկկացի երիտասարդների կյանքում 42-ը մեծ փոփոխություն է բերել: Իսկ, օրինակ, Րիո դե Ժանեյրոյում բացվող դպրոցը տեղակայվելու է 11 հազար երիտասարդներով բնակեցված ֆավելայի հարևանությամբ ու մենք մեծ հույսեր ունենք, որ 42-ը նրանց կյանքը նույնպես կփոխի: Իհարկե, հավես է Սիլիկոնյան հովտում դպրոցներ բացելը, բայց անձամբ ինձ համար շատ ավելի կարևոր է կենտրոնանալ տարածքների վրա, որոնք մեր կարիքը շատ ավելի շատ ունեն:

Լավ, իսկ ի՞նչ կարող է տալ 42-ը Հայաստանի ապագա ծրագրավորողներին ու ՏՏ ոլորտին, առհասարակ:
Կարծում եմ, մենք կարող ենք օգնել Հայաստանին` ձևավորելու սեփական բարձր որակի աշխատուժն ու կախում չունենալ այլ երկրների աշխատուժից: Սա շատ կարևոր է պետության կրթական և արդյունաբերական զարգացման համար: Այսօր համակարգչային գիտությունը համաշխարհային տնտեսության հիմքն է, ու իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների առկայությամբ` դուք կհասնեք ձեր առաջ դրված բոլոր նպատակներին:
42-ում հաջողություններ գրանցելու ի՞նչ խորհուրդներ կտաք ավազանցիներին ու ապագայում մեզ միանալու մասին մտածողներին:
Պարզապես պետք է մի բան հիշել` ծրագրավորման ամբողջ բնույթը ծանր ինտելեկտուալ աշխատանքի ու ստեղծագործ մոտեցման միջոցով խնդիրների լուծումն է ու հենց սա է ամենահավես մասը: 42-ի ուժեղ կողմերից մեկն այն է, որ ոլորտում փորձի կարիքը չկա. 10-ից 9-ը մինչև 42-ը երբևէ կոդ էլ չեն տեսել, բայց ուսման ավարտից հետո ոլորտում բարձր վճարվող աշխատանք են գտել: Ձեզ հարկավոր է միայն համառ լինել ու կրթությունից հաճույք ստանալ: