en hy

42 Երևան ծրագրավորման դպրոցը բացվեց

Հունվարի 18-ին Թումո Երևանի 4-րդ հարկն առանձնահատուկ աշխույժ էր: Նկարվելուց, սեղանի թենիս խաղալուց ու միմյանց հետ ծանոթանալուց անմիջապես հետո 42 Երևանի առաջին ուսանողները սկսեցին իրենց կրթական ուղին ծրագրավորման ոլորտում: Այժմ գիշեր և ցերեկ 42 Երևանը լի է լինելու կոդերի վրա տանջվող ու դրանց միջոցով ստեղծագործող ուսանողներով:

2020 թվականի ամռանն ու աշնանը դպրոցի ընդունելությանը միացավ 4000-ից ավելի մասնակից: Անցնելով ընդունելության ու քննական բազմաթիվ փուլեր` նրանցից 160-նն այժմ ուսանելու է 42-ում: Նրանցից մեկը 21-ամյա Վահագն Գիշյանն է. «Ինձ համար 42-ը պարզապես ուսումնական կենտրոն չէ, այլ հարթակ է, որտեղ ես կարող եմ գաղափարակից ընկերներ գտնել ու միասին անցնել այս ճանապարհը: Ես ցանկանում եմ ապագայում խաղերի ստեղծման ընկերություն հիմնել այստեղի իմ ընկերների հետ ու վերադառնալ 42` կիսվելու փորձով ու ոգևորելու մեր օրինակով»:

Հունվարի 18-ին ծրագրավորման դպրոց էր այցելել նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը. «Կարծում եմ, ԵՄ Թումո համալիրը հիանալի հարթակ է երիտասարդների համար` զարգացնելու իրենց հմտությունները, հատկապես նման բարդ ժամանակներում: Եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանի Սիլիկոնային հովիտը, սա արտակարգ մեկնարկ է»,- ողջույնի իր խոսքում նշել է դեսպանը:

42-ի ուսանողներին սպասում է կրթական 3 փուլ` հիմունքներ, մասնագիտացում և պրակտիկա: Ինչպես ցույց է տալիս 42-ի միջազգային փորձը, ուսանողների ճնշող մեծամասնությունը, միջինում 2 տարվա ուսումից հետո, գտնում է բարձր վարձատրվող աշխատանք ոլորտում:

Բացման օրն արդեն ակտիվորեն իր ինքնուսուցումը սկսած 22-ամյա Անի Հովհանիսյանի երազանքն է ստարտափ ստեղծել. «Ես ցանկանում եմ կրթությունն ավելի հասանելի դարձնել հավելվածների միջոցով: Այս գործում շատ կարևոր է հավելվածների որակն ու դրանց նկատմամբ ստեղծագործ մոտեցումը, հենց այդ պատճառով էլ պատրաստվում եմ կենտրոնանալ վեբ հավելվածների ոլորտում հմտանալու վրա»:

42ցիներն այժմ ունեն հատուկ իրենց համար նախագծված հարթակ, որտեղ իրենց է սպասելու անընդհատ թարմացվող 100-ից ավելի նախագիծ: Կոդավորման այդ նախագծերն իրականացելուց ու ոլորտի հիմունքներին ծանոթանալուց հետո նրանք ընտրելու են իրենց մասնագիտացման ոլորտը` արհեստական բանականությունից, կիբեր անտվանգությունից մինչև խաղերի ստեղծում: 

«Այս ծրագիրը առանձնահատուկ է, քանի որ պատրաստում է շատ «դիմացկուն» ծրագրավորողներ։ Իհարկե, շուկային լավ մասնագետներ տալը կարևոր է, բայց ավելի կարևոր է պատրաստել մասնագետներ, ովքեր իրենց հետևից կտանեն ոլորտը։ Այդ ամենն իրենք կարող են անգամ թիմով անել, որովհետև կրթական ծրագրի գլխավոր գաղտնիքներից մեկը համագործակցային ուսումն է` այստեղ չկան ուսուցիչներ»,- իր խոսքում նշել է Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը:

Related posts

Post a Comment

Your email address will not be published. Required fields are marked *